2020-ի սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով հորդորել էր իր քաղաքացիներին հեռու մնալ Հայաստան-Ադրբեջան սահմաններից։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Եվ քանի որ քաղաքականությունում նման զուգադիպություններ չեն լինում, կարող ենք վստահաբար ասել, որ ԱՄՆ-ը լավատեղյակ էր թուրք-ադրբեջանական նախատեսվող գործողություններից։ Պատերազմական այս օրերին, հետևելով միջազգային լրահոսին և միջազգային կառույցների ղեկավարների հայտարարութուններին, կարելի է ենթադրել, որ ռազմական այս արշավը Արցախի և Հայաստանի վրա ձեռնտու է նաև ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակադրմանը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք արցախյան ազատամարտի մասնակից, ֆիդայական կամավորական ջոկատներից մեկի հրամանատար, «Վեդի Վայն» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Այն, որ ամբողջ աշխարհը և հատկապես գերտերությունները պատերազմական այս օրերին հերթապահ հայտարարություններով են հանդես գալիս՝ կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակը, փաստում է այն մասին, որ երկու բևեռների բախման հետ գործ ունենք։ Բնականաբար, Արևմուտքի ցանկությունն է հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում։ Մյուս կողմից, շատ բնական է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը և թուլացնել դիրքերը տարածաշրջանում։ Այնպես որ, սա ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի պայքարն է, այլև երկու բևեռների շահերի բախումը, իսկ երբ երկու բևեռներ իրար են մոտենում, առճակատումն անխուսափելի է։
-Պատերազմական իրավիճակներ վերջին 30 տարում միշտ էլ եղել են, սակայն ավելի լոկալ բնույթի, ինչը թույլ էր տալիս կանխատեսել դրանց ավարտը։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն կտևի այս պատերազմը։
-Պատերազմը ոչ թե ժամկետով է բնորոշվում, այլ նպատակով։ Մեր թշնամիները՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ, նպատակադրվել են վերականգնելու Ադրբեջանի «ամբողջականությունը»։ Հայաստանի նպատակն արդեն 30 տարուց ավելի հստակ ձևակերպված է՝ ճանաչել Արցախի ինքնորոշումը։ Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Այս ֆոնի վրա ազերիներն անընդհատ հայտարարում են, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային հանրության հետ համատեղ չստիպի Հայաստանին ընդունելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք զենքի ուժով կհասնեն դրան։ Այնպես որ, մենք միշտ էլ հոգով պատրաստ ենք եղել և պատրաստ ենք պաշտպանելու Արցախը, Արցախի ժողովրդի ազատ կամքի ընտրությունը։ Փառք ու պատիվ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններին. սպառազինության տեսանկյունից մենք այսօր շատ ավելի լուրջ ենք պատրաստված, քան երբևիցե։
-ՈՒզում եք ասել, որ վերջին երկու-երեք տարու՞մ է հաջողվել հասնել դրան։
-Ես ինչպե՞ս կարող եմ մեր ազատագրական պայքարի 30 տարվա պատմությունից առանձնացնել այս վերջին երկու տարին։ Արդեն ասացի, որ մենք թե՛ ոգով, թե՛ սպառազինությամբ միշտ էլ պատրաստ ենք եղել, մեր բանակը տարեցտարի զարգացում է ապրել, և հիմա շատ ավելի է սպառազինված նորագույն զինտեխնիկայով։
-Ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ր լինի, որ Հայաստանն ավելի կոշտ ձևակերպում տար այս պատերազմին, նշելով, որ Թուրքիան ահաբեկչական հարձակում է իրականացրել Հայաստանի երկրորդ պետության վրա։
-Նախ ասեմ, որ միջազգային քաղաքական դաշտում Թուրքիան իրեն դրել է շատ մեծ խաղացողի տեղ և այս տարածաշրջանում շատ լուրջ նկրտումներ ունի։ Նա շատ վաղուց է իր քիթը խոթել Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծովի տարբեր հատվածներ։ Սակայն, երբ Թուրքիայի քթին խփեցին, Եվրոպան համախմբվեց և հասկացրեց Թուրքիային, որ պետք է հանգիստ վեր ընկնի իր տեղը, նա իր հետազոտական նավը հանգիստ հետ քաշեց Միջերկրականի ջրերից։ Ինչ վերաբերում է «ահաբեկչություն» ձևակերպմանը, ապա ահաբեկչությունը մի բան է, պատերազմը՝ այլ բան։ Այսօր Թուրքիան ակնհայտորեն պատերազմում է Հայաստանի դեմ, ուղղակի՝ Ադրբեջանի տարածքից, և եթե ցանկություն լինի, այս հարցը միջազգայնորեն ապացուցելի է։ Տեսեք՝ թուրքերը վերջին 6 ամսվա ընթացքում երկու անգամ խոշոր զորավարժություններ իրականացրին Ադրբեջանում՝ թողնելով այնտեղ իրենց ողջ սպառազինությունն ու հրամկազմը։ Այնպես որ, այսօր պատերազմը հրահրել է ոչ թե Ադրբեջանը, այլ ադրբեջանա-թուրքական դաշինքը։ Թուրքիան այսօր Ադրբեջանում է, հետևաբար ինքն էլ ղեկավարում է ռազմական գործողությունները։ Այսքանը կարող եմ ասել, քանի որ ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ։ Սակայն, եթե համեմատության մեջ դիտենք այս ոլորտում իրականացված աշխատանքները, իմ կարծիքով՝ մենք այսօր բավականին ակտիվ ենք։ Հնարավոր է, որ ինչ-որ բացեր լինեն, օրինակ, ես կողմ չէի, որ Միջերկրական ծովում, հետազոտությունների պատրվակի տակ, թուրք-հունական հակամարտության ժամանակ մեր իշխանությունները շատ ակտիվ լինեն։ Մենք, ոչ մեծ պետություն լինելով, ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է վարենք։
-Բայց այդ ժամանակ Հայաստանը կոշտ հայտարարություններ չի արել։
-Մենք թուրքերին շատ կոպիտ խոսք ասացինք, կարծում եմ՝ այդպես չպետք է անեինք, քանի որ վստահ չեմ, որ նույն ուժերը նույն կերպ մեզ համար կկանգնեն։
-Հույներին չպե՞տք է պաշտպանեինք։
-Ճիշտ է, Ռուսաստանից հետո հույներն են մեր դաշնակիցները, սակայն, ամեն դեպքում, հայտարարությունների մեջ ավելի զուսպ պետք է լինենք։
-Քանի որ դիվանագիտական հարց շոշափեցիք, նկատենք, որ օրերս Ռուսատանում ՀՀ դեսպանը իր ելույթներից մեկում ասել էր, թե Հայաստանը չի դիմի Ռուսաստանին օգնության համար։ Ի՞նչ է սա նշանակում։
-Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը միայն դեսպանը կարող է տալ։ Եվ հետո, պետք է հասկանալ, թե ինչ կոնտեքստում է դա ասվել։ Եթե դա ասվել է Ռուսաստանից օգնություն խնդրելու կոնտեքստում, բնականաբար, պետք է ասել՝ «ոչ»։ Եթե վտանգ սպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, մենք անմիջապես պետք է դիմենք Ռուսաստանին։ Ասեմ ավելին՝ այդ դեպքում Ռուսաստանն ինքն էլ չի սպասի, որ մենք դիմենք իրեն. Հայաստանի դաշնակից Ռուսաստանն անմիջապես քայլեր կձեռնարկի։
-Այս պահին ի՞նչ խնդիր է Ձեզ ավելի շատ մտահոգում։
-Ինձ մտահոգում են միջազգային հանրության, հզոր գերտերությունների ղեկավարների հերթապահ ելույթները։ Ես չեմ հասկանում, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է. «Տեսնենք՝ կկարողանա՞նք դադարեցնել կրակը»։ Տեսնելու բան չկա, ընդամենը պետք էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը հեռախոսով կապվի Ալիևի հետ և նրան ներկայացնի ԱՄՆ-ի նախագահի պահանջը՝ անմիջապես դադարեցնել կրակը։ Կրակ, որն Ադրբեջանը բորբոքում է՝ ներգրավելով հազարավոր ահաբեկիչների և բենլադենականների։ Վերջապես, այս տարիների ընթացքում Ալիևը հարյուրավոր միլիոններ է կուտակել Արևմուտքի բանկերում և տարբեր կառույցներում, ցանկության դեպքում Արևմուտքի համար մեծ խնդիր չէ Ալիևի հետ բարձր տոնով խոսելը, և նա իր տեղում վեր կընկնի։ Եթե անգամ հանգիստ տոնով ասվեր՝ դադարեցրեք կրակը, Ալիևը չէր կարող չենթարկվել։ Սակայն բոլորը հետևում են դեպքերի զարգացմանը և լուռ սպասում են։
-Ինչի՞ են սպասում։
-Ադրբեջանը տարիներ շարունակ ակներև հոխորտում էր, և նրան սանձահարող չկար։ Հիմա բոլորն ուզում են տեսնել՝ կկարողանա՞ Ադրբեջանը վերականգնել իր, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը», թե՞ ոչ։
-Այսինքն, գերտերություններն ուզում են տեսնել՝ կողմերից որն է ուժեղ, որպեսզի կանգնեն նրա կողքի՞ն։
-Ոչ, գերտերությունները սպասում են միջամտելու հարմար պահին։ Ոչ ոք չգիտի՝ այս պատերազմն ինչպես է ավարտվելու։ Եվ ուրեմն, մենք մեկ անգամ ևս պետք է ազերիներին հուժկու հարված հասցնենք և է՛լ ավելի բարելավենք մեր դիրքերը։ Ես տեսնում եմ, որ այսօր և՛ Արցախի նախագահը, և՛ ՀՀ վարչապետը այդպես են տրամադրված։
-Իսկ ինչպե՞ս են տրամադրված նախկին ԵԿՄ-ականները։ Ինչպիսի՞ տրամադրվածություն կա նրանց շարքերում, արդյո՞ք «նեղված» են ՀՀ իշխանություններից, և դա կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ նրանց դիրքորոշման վրա այս օրերին։
-Նախկին ԵԿՄ-ական գոյություն չունի։ Երբ հայրենիքը վտանգված է, բոլորը մեկ բռունցք են։ Երբ խնդիրը վերաբերում է ազգի ճակատագրին, որևէ մեկն իրավունք չունի նեղացածի կեցվածք ընդունելու։ Սեպտեմբերի 28-ի գիշերը Սասուն Միքայելյանը հատուկ ստորաբաժանման ջոկատը ճանապարհեց Արցախ։ Ջոկատում ընդգրկված են տղաներ, որոնք այս պահին առավելագույնս պահանջարկված են։ ԵԿՄ-ականները շատ ակտիվ են եղել և կան, ուղղակի այս պահին բանակն է գործողությունների մեջ, և բանակը մինչ այդ թույլ չէր տալիս, որ ԵԿՄ-ականները մեկնեն Արցախ, քանի որ Արցախում մարդկային ռեսուրսների մեծ կուտակումներ կան։ Այդչափ կուտակումներն անգամ վտանգավոր են՝ կարող են «թնդանոթի միս» դառնալ։ Պետության կողմից ամեն բան այսօր արվում է մտածված և կարգավորված, զինկոմները բարձր պատասխանատվությամբ աշխատում են, կան գրանցված բազմաթիվ կամավորականներ։ Մենք այսօր ավելի շատ ունենք նորագույն զինտեխնիկային տիրապետողի պահանջարկ։ Բոլոր դեպքերում, կարևորն այն է, որ մեր ազգը հուսահատված չէ, և համախմբված ենք։ Աստված տա, և մենք էլ հավատում ենք, որ հաղթանակով ենք ավարտելու այս պատերազմը։
-Աստված տա։ Թուրքիան միշտ էլ մեծ ախորժակ է ունեցել Հայաստանի նկատմամբ, և, ըստ էության, սա նաև դավանանքի պատերազմ է։ Մենք քրիստոնյա ազգ ենք, և սա պատերազմ է քրիստոնյաների դեմ։
-Կարելի է ասել՝ քրիստոնյա, հինավուրց, քաղաքակիրթ ազգ ենք, սակայն պատերազմն այսօր մեր ժողովրդի ինքնության համար է։ Եթե մենք վերջին 25-30 տարիներին դիվանագիտական խողովակներով ավելի ակտիվ պայքարեինք Թուրքիայի դեմ՝ Ցեղասպանության ճանաչման հարցում պահանջատեր լինեինք, աշխարհն էլ պարտադրեր Թուրքիային ճանաչելու Ցեղասպանությունը, նաև փոխհատուցելու իրականացված կոտորածների, բնաջնջումների, վայրագության համար, այսօր Թուրքիան այսքան լկտի չէր լինի։ Թուրքիան, որպես պետություն, այսօր Արևմուտքի համար ահաբեկչի դեր է կատարում։ Պետք է Սիրիայում Բաշար Ասադի իշխանությու՞նը տապալել՝ Թուրքիան Սիրիայում է, անհրաժեշտ է Լիբիա՞ մտնել, երկի՞րն ավերել՝ Թուրքիան այնտեղ է, պետք է Ադրբեջա՞ն մտնել՝ Ադրբեջանում է։ Այնպես չէ, որ Թուրքիան այսօր կռվում է Ադրբեջանի համար, նրանք իրենց մեծ շահերն ունեն և թքած ունեն Ադրբեջանի վրա։ Թուրքիան ադրբեջանցիներին որպես ժողովուրդ անգամ չի ընկալում։ Նա առաջնորդվում է իր պանթյուրքիստական ծրագրերով, ողջ խնդիրն այն է, թե մինչև ուր կհասնի, և ո՞ր ամրոցի տակ նրա մռութին կհասցնեն։ Համենայն դեպս, մեր ամրոցի պատերի տակ լավ ջարդ են ուտելու։ Եվ ուտում են։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ